ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երևանի ճի՛շտ կենտրոնում

Երևանի ճի՛շտ կենտրոնում
15.08.2008 | 00:00

ՄԵՏՐՈՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՅԱՐԱՆ
2007-ին դեռևս ՀՀ նախկին նախագահին ու վարչապետին, ինչպես նաև Երևանի քաղաքապետին հղած իմ բաց նամակում առաջարկել եմ Երևանի ճիշտ կենտրոնում՝ «Կարապի լճի» հարևանությամբ, Սայաթ-Նովա և Տերյան փողոցների հատման ստորգետնյա հատվածում կառուցել մետրոյի լրացուցիչ կայարան։
Այն զգալիորեն կբեռնաթափի ավտոտրանսպորտով գերհագեցած, այսօր այլևս սովորական դարձած երկարատև խցանումների ձեռքը կրակն ընկած Երևանի կենտրոնը։ Առաջարկության նպատակը Երևանի բավականին մեծ փոխադրական պոտենցիալ ունեցող մետրոպոլիտենի հնարավորություններն անմնացորդ օգտագործելն է, քաղաքի, հատկապես նրա փոքր կենտրոնի տրանսպորտային դժվարին և բարդ, առաջին հայացքից գրեթե անլուծելի թվացող խնդիրների լուծումը։
Մետրոյի այդ նոր մուտքն ընդամենը շարժասանդուղքի (էսկալատորի) և մի քանի տասնյակ մետր ստորգետնյա թունելի օգնությամբ կմիանա այսօր գործող «Երիտասարդական» կայարանի մետրոյի գնացքների կանգառների ընդարձակ կառամատույց-սրահի հետ (գծագրում պահպանված է մասշտաբային ճշտությունը), այսինքն՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանը կունենա ևս մեկ լրացուցիչ մուտք ու ելք, այս անգամ արդեն դեպի Սայաթ-Նովա փողոց՝ «Կարապի լճին» կից։
Առաջարկվող կայարանի տեղն ու աշխարհագրական դիրքը հասանելի և շատ մոտ է բազմաթիվ պետական, ուսումնական հաստատություններին, մշակույթի օջախներին, հյուրանոցներին, հանգստյան պուրակներին, բազմազան կենցաղսպասարկման ձեռնարկություններին, «անթիվ» սրճարաններին ու ռեստորաններին, առևտրի զանազան կենտրոններին, Ազատության հրապարակում հաճախակի կազմակերպվող տոնական համերգներին, շոուներին, ինչո՞ւ չէ, նաև հանրահավաքներին, ձմռանը՝ «Կարապի լճի» սահադաշտին և այլն։ Ոչ պակաս կարևոր է նրա մոտ գտնվելը ինչպես Կասկադին՝ իր բազմաթիվ միջոցառումներով, այնպես էլ Հյուսիսային պողոտայի համալիրին, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ «մինի» քաղաք՝ Երևանի անմիջական կենտրոնում, որտեղ շուտով աշխատելու և ապրելու են տասնյակ հազարավոր մարդիկ։
Առաջարկված տեղում մետրոյի լրացուցիչ կայարանի հնարավոր առկայության հանգամանքը կարող է մեծ հեղաշրջում մտցնել մայրաքաղաքի կենտրոնի, ինչո՞ւ չէ, նաև ողջ Երևանի տրանսպորտային համակարգում՝ շեշտակի ավելացնելով մետրոյից օգտվողների թիվը և դրա հետագա շահագործումը մոտ ապագայում դարձնելով շահութաբեր։ Այն իր հերթին մետրոպոլիտենին կօգնի աշխատել առանց պետական ֆինանսավորման, նրա ղեկավարությանը՝ լուծելու աշխատողների սոցիալական հարցերը, բարձրացնելու սպասարկման որակը և, վերջապես, արագացնելու մետրոյի ցանցի հետագա ընդլայնումը։ Կարելի է այս դեպքում հուսալ, որ մետրոյի հետ կապված ֆինանսական բոլոր հարցերը լուծելուց հետո այն հետագայում կաշխատի ոչ թե մինչև ժամը 23.30-ը, ինչպես այսօր է, այլ մինչև գիշերվա 2.00-3.00-ն կամ էլ անգամ շուրջօրյա ռեժիմով, թեկուզ գնացքների շարժակազմերի ավելի մեծ «ինտերվալների», պակաս վագոնների առկայության պայմաններում։
Ցավոք, առաջարկությունս մինչ այսօր մնացել է անարձագանք։ Չեմ կարծում, թե բաց նամակիս հասցեատերերը, ի դեմս նախկին նախագահի ու վարչապետի և գործող քաղաքապետի, չեն տեղեկացվել առաջարկիս, միայն թե հարցի նման լուծումը, կարելի է ենթադրել, իրենց բոլորովին չի հետաքրքրում կամ, ավելի ճիշտ, ավելորդ գլխացավանք է և չի համընկնում շատերի անձնական շահերի հետ։
Հուսանք, որ երկրի այսօրվա նախագահն ու վարչապետը կծանոթանան Երևանի համար չափազանց արդիական հարցի, թերևս, միակ ճիշտ լուծման առաջարկի հետ և, հավանության դեպքում, կներկայացնեն մասնագետների ուշադրությանն ու դատին։
Սերգեյ ՀԱՋԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 9199

Մեկնաբանություններ